Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաբված արտացոլանք

Խաբված արտացոլանք
16.09.2016 | 00:02

Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան (Ծննդ.1;27), վկայում է Սուրբ գիրքը:
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում հարցերի պատասխանները աշխարհի շատ իմաստուններ փնտրեցին, սակայն չգտնելով՝ ունայնության մեջ կորան:


Իհարկե, պատմության մեջ մնացին նրանց անունները և աշխատությունները, նրանք նույնիսկ կրոնների հիմնադիրներ դարձան, նրանք ունեցան աշակերտներ և հետևորդներ, այսօ՛ր էլ ունեն: Նրանք փորձեցին սահմանել մարդուն, ինչպես Արիստոտելը` մարդը հասարակական կենդանի է, և սահմանել այդ հասարակական կենդանու կերտած հասարակության գործունեության կերպերն ու զարգացման լծակները, փորձեցին գտնել մարդու մեջ հոգևորի և կատարյալի ակունքը, ինչպես Պլատոնը, և գծանկարել մարդու լավագույն տեսակը կյանքի լավագույն կերպի մեջ, բարոյականության` մարդուն հասու ծիրում, ինչպես Կոնֆուցիոսը. «Մի՛ արա մարդկանց այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն», իսկ կարճ` մի՛ վնասիր: Փորձեցին, սակայն նրանցից մնաց միայն այդ փորձը. մարդու մեջ արգելակել հակումը դեպի անմարդկայինը, սակայն նրանք այդպես էլ չհասան ճշմարտության հայտնությանը, որովհետև հստակ չգիտեին մարդու ծագումը, որ ճիշտ սահմանեին նրան: Նրանց բարոյական լծակները նման են անդամալույծի կոտրված հենակի, իսկ դրանց կիրառումը` սիրողական ինքնագործունեության, որի նպատակը հստակ չէ: Մարդկային կյանքը անիմաստ ու անօգուտ է, եթե չկա հավատը հավիտենական կյանքի նկատմամբ, և մարդը զուրկ է սեփական անձի կատարած գործերի հանդեպ պատասխանատվության զգացումից: Աստված, մարդկությանը իրեն հայտնելու համար, նախ մի ժողովուրդ ընտրեց, ավելի շուտ` պատրաստեց իր համար: Նրանց տվեց բարոյական չափորոշիչներ, որ պիտի կարգավորեին մարդու հասարակական և անհատական կյանքը և առաջնորդեին դեպի հստակ նպատակ` փրկություն:

Այդ չափորոշիչները գրեթե նույնն են, ինչ վերոնշյալ բարոյախոսներինը, առաջին հայացքից` նույնիսկ ավելի պարզունակ ու «վայրենի», ինչպես հայտնի «ակն ընդ ականը», սակայն դա միայն առաջին հայացքից: Մի հանիր ուրիշի աչքը, որովհետև Աստծո արդարությունը պահանջում է և տալիս է իրավունք, որ ուրիշն էլ հանի քոնը: Մի խոսքով, քո իսկ շահից ելնելով` մի վնասիր: Եվ դա այսօր շատ լավ գործում է հրեաների մոտ, անգամ եղբայրասիրական սաղմեր է արտադրում: Բայց այդ օրենքը, որոշակի նպատակ հետապնդելով, չի սահմանափակվում անձնական կամ ընդհանրական շահի շրջանակում, որտեղ և տեղավորվել են հրեաները. այն առաջնորդում է դեպի անանձնական ոլորտ` սեր: Իսկ դա հասկանալ կարելի է միայն, եթե ճանաչենք և ընդունենք Աստծո մարմնացած Սերը: Մարդկային կյանքը իմաստավորվեց և լուսավորվեց Քրիստոսի գալստյամբ, որով և մարդկությունը ստացավ իր հարցերի բոլոր պատասխանները: Աստված ասաց, և Նրա Խոսքը իր տիրական թևերը տարածեց ողջ գոյավորի վրա` պաշտպանելու համար իրավունքը չգոյությունից գոյության կոչված նրանց լինելության, որ ինքնանպատակ կամ աննպատակ չէ: Աստված ասաց, և աստվածային սիրով ու գուրգուրանքով ստեղծված մարդը պսակվեց Խոսքով և, ի սկզբանե առանձնահատուկ պատվով բաժանված լինելով մնացած անկենդան ու կենդանական աշխարհից, թագադրվեց որպես տիեզերքի իշխան: Աստծո Խոսքը մարդուն մեկընդմիշտ ազատեց զանազան սամնսարաների և կարմաների հանդեպ կույր հավատից:

Եթե մարդիկ իրենց մեջ ընդունեին այն Հոգին, որ Քրիստոսի առաքյալները ստացան վերնատանը, և եթե գործեին այդ Հոգով, աշխարհն իսկապես դրախտ կդառնար: Խնդիրը ես-ի մեջ չէ, տիրելու, տիրություն անելու և տիրապետելու տենչի մեջ չէ, այլ ընկալման կերպի մեջ: Տիրել չի նշանակում շահագործել, այլ` խնամել: Կան բարոյականության կատեգորիաներ, որոնց առկայությամբ է միայն իմաստավորվում մարդու մարդ կոչումը, դրանցից կարևորագույնը պատասխանատվության զգացումն է, եթե ես-ի կողքին բացակայում է այն, ապա կյանքը դառնում է մի քաոս, որտեղ լռում է եղիցի լույսը: Եթե մարդիկ չմերժեին այն Հոգին, որ շրջում էր նախարարչական ջրերի վրա և կենսագործում, նրանց կիսամեռ հոգու հորիզոնում կնշմարվեր հարության հույսը: Մարդկությունը, ի դեմս իր լավագույն մտածողների, այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին` սիրող Աստծուն, այդպես էլ չհասկացավ, որ չվնասելը կրավորական անտարբերություն է, իսկ սերը` ստեղծող ու պահպանող զորություն: Ինքը չկարողացավ, իսկ Նրա Ինքնահայտնությունը մերժեց, որ ստիպված չլինի այլ` ջանքեր պահանջող չափանիշներով շարժվել. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց»:


Այսօր մարդը այդքան չարացել է, քանի որ դեռ վստահ է, որ ինքը էվոլյուցիայի գագաթն է, որի համար չվնասելը իսկապես կարող է դիտվել որպես առավելագույն ձեռքբերում: Մյուս կողմից, չգիտի իշխել իր իշխելու տենչի վրա, ինքը, ինքնակամ կամ նույնիսկ անգիտակցաբար, գտնվում է զանազան իրերի, երևույթների, անհատների իշխանության տակ:
Այսօր կան Աստծուն գտած մարդը, փնտրող մարդկությունը և մերժող մարդիկ` ծուռ հայելիները:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ